
Հեռավար ուսուցումը այն ուսանողների կրթությունն է, որոնք միգուցե միշտ չէ, որ ֆիզիկապես ներկա են դպրոցում: Ավանդաբար, այն սովորաբար ներառում էր դասընթացներ նամակագրությամբ, որոնցում ուսանողը նամակագրության միջոցով էր կապվում դպրոցի հետ: Այսօր այն ներառում է առցանց կրթություն:
Նման համացանցային կրթությունը, թեմատիկ տվյալների բազաների համախմբմամբ, հանգեցնում է զանգվածային բաց առցանց դասընթացների («ԶԲԱԴ») առաջացմանը: Սրանք կայքերի վրա հիմնված հեռավար ուսուցման անվճար ծրագրեր են, որոնք նախատեսված են աշխարհագրականորեն ցրված ուսանողների մեծ թվով մասնակցության համար:
«ԶԲԱԴ»-ը կարող է ձևավորված լինել քոլեջի կամ համալսարանի դասընթացների տրամաբանությամբ կամ կարող է լինել ավելի քիչ կառուցվածքային: Չնայած «ԶԲԱԴ»-ները միշտ չէ, որ ունեն ակադեմիական կրեդիտներ (academic credit), նրանք տրամադրում են կրթություն, որը կարող է տալ սերտիֆիկացման, զբաղվածության կամ հետագա ուսումնասիրությունների հնարավորություն:
Ի լրացում ավանդական դասընթացի նյութերի, ինչպիսիք են նկարահանված դասախոսությունները, ընթերցումները և խնդիրների լուծումները, շատ «ԶԲԱԴ»-ներ ապահովում են ինտերակտիվ դասընթացներ օգտագործողների ֆորումների միջոցով` ուսանողների, դասախոսների և դասավանդողների օգնականների միջև համայնքի փոխազդեցություններին աջակցելու, ինչպես նաև անհապաղ արձագանքների, արագ հարցումների և առաջադրանքների համար:
«ԶԲԱԴ»-ների որոշ առավելություններից են.
– ուսման վարձավճարի բացակայություն,
– ազատ մուտք, բարձր մակարդակի դասախոսների ներկայացում դպրոցներում, որոնք անհասանելի են լինում աշխարհի բնակչության մեծ մասի համար,
– բաց դասընթացներ բոլոր հետաքրքրված անձանց համար՝ անկախ գտնվելու վայրից, ինչը հանգեցնում է ավելի բազմազան ուսանողական բազայի,
– համակարգչային ծրագրերի միջոցով տվյալների հավաքումը օգնում է ավելի լավ վերահսկել յուրաքանչյուր ուսանողի հաջողությունն ու ձախողումը. ավանդական դասարանական մասնակցությունը չի կարող առաջարկել այս տեսակի ճշգրիտ տեղեկատվություն,
– որոշ ոգևորված պրոֆեսորներ գիտելիքների համաշխարհային փոխանակումն ավելի գրավիչ են համարում. շատերն ընդունում են, որ «ԶԲԱԴ»-ները օգնում են նրանց վերագնահատել իրենց մանկավարժական մեթոդները՝ միաժամանակ բարելավելով գիտելիքների փոխանակումը:
«ԶԲԱԴ» լավագույն հարթակներ
Coursera – կրթական հարթակ է, որը համագործակցում է աշխարհի լավագույն համալսարանների և կազմակերպությունների հետ՝ առաջարկելով առցանց դասընթացներ՝ յուրաքանչյուրի համար և անվճար:
edX – շահույթ չհետապնդող առցանց նախաձեռնություն է, որը ստեղծվել է հիմնադիր գործընկերներ Հարվարդի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանների կողմից: Այն առաջարկում է ինտերակտիվ առցանց դասեր և «ԶԲԱԴ»-ներ աշխարհի լավագույն համալսարանների կողմից:
FutureLearn – հանդիսանում է սոցիալական ուսուցման առաջատար հարթակ, որը ձևավորվել է 2012 թ. դեկտեմբերին «The Open University»-ի շնորհիվ և այժմ համատեղ տնօրինվում է վերջինիս և «SEEK Group»-ի կողմից: Այն ունի ամբողջ աշխարհից գրանցված տասը միլիոն օգտատեր:
Udacity – ծագել է Սթենֆորդի համալսարանի փորձից, որի ընթացքում Սեբաստիան Թրունը և Փիթեր Նորվիգը իրենց «Ծանոթացում արհեստական բանականությանը (Introduction to Artificial Intelligence)» դասընթացները առաջարկեցին առցանց՝ բոլորի համար անվճար: Ավելի քան 190 երկրներում մոտ 160,000 ուսանող ընդունվեց, և ոչ շատ ուշ` ծնվեց «Udacity»-ը:
Canvas.net – ի առաքելությունն է խթանել կրթության ոլորտում թափանցիկությունը, նորարարությունն և էքսպերիմենտները` մանկավարժներին տրամադրելով մասնագիտական զարգացման դասընթացներ և ծրագրեր, որոնք կօգնեն նրանց զարգանալ և հաջողության հասնել իրենց կարիերայում: