
Ներառական ձեռներեցության քաղաքականության նպատակն է մարդկանց կայուն բիզնես սկսելու հավասար հնարավորություն առաջարկելը՝ անկախ իրենց սոցիալական խմբից: Սա կարևոր պահանջ է «Եվրոպա 2020» ռազմավարության՝ խելացի, կայուն և ներառական աճի նպատակին հասնելու համար: Սա նաև տնտեսական նոր մարտահրավերներին արձագանքելու, աշխատատեղեր ստեղծելու և սոցիալական ու ֆինանսական բացառմանը դիմակայելու միջոց է: Ներառական ձեռներեցության քաղաքականության և ծրագրերի հիմնական թիրախներից են կանայք, երիտասարդները, տարեցները, գործազուրկները, ներգաղթյալները և հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր շարունակում են բախվել աշխատաշուկայի մարտահրավերներին, թերագնահատված են կամ ունեն անբարենպաստ դիրք ձեռնարկատիրական գործունեության բնագավառում:
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) և Եվրոպական միության «Բացակայող ձեռներեցները» (The Missing Entrepreneurs») հրատարակությունների շարքը քննարկում է, թե ինչպես կարող են պետական քաղաքականությունն ու ծրագրերը աջակցել ներառական ձեռներեցությանը: Այն ներառում է կարգավորող և բարօրության տանող հաստատությունների կատարելագործում, ֆինանսավորման մատչելիության հեշտացում, վերապատրաստման, մարզչական դասընթացների և մենթորության միջոցով ձեռնարկատիրական հմտությունների ձևավորում, թիրախային խմբերի համար ձեռնարկատիրական մշակույթի և ցանցերի ամրապնդում, ներառական ձեռներեցության համար ռազմավարությունների և գործողությունների համակարգված և նպատակային համատեղում: Կառավարությունները գնալով էլ ավելի են գիտակցում ներառական ձեռներեցության մարտահրավերը, բայց լավ պրակտիկային տարածման համար դեռևս անելիքներ կան: Թերի ներկայացված և անբարենպաստ պայմաններում գտնվող խմբերից (օրինակ ՝ կանայք, երիտասարդներ, տարեցներ, գործազուրկներ, հաշմանդամություն ունեցող անձինք) ինքնազբաղվածության և ձեռնարկատիրական գործունեության մեջ մարդկանց ներգրավվածության տեսակարար կշիռը Բելգիայում մի փոքր ցածր է Եվրամիության միջինից: Չնայած՝ ներառական ձեռներեցությանն ուղղված ազգային քաղաքականության թիրախներ չեն սահմանվել, ներառական քաղաքականությունը և ծրագրերը ազգային և տարածաշրջանային մակարդակներում առկա են թիրախային խմբերի լայն շրջանակի համար՝ ներառելով երիտասարդներին, կանանց, տարեցներին և գործազուրկներին: Ձեռնարկատիրական քաղաքականության և ծրագրերի լայն շրջանակ ստեղծվել է երիտասարդությանը և կանանց՝ բիզնեսի ստեղծման գործում աջակցելու համար, որոնցից շատերը մշակվել և ներկայացվել են տեղական մակարդակում: Ձեռներեցության աջակցման այս նախաձեռնությունների մեծամասնությունը միտված է ձեռնարկատիրական հմտություների ձեռքբերման դյուրացմանը և սկսնակ բիզնեսի ֆինանսավորման հասանելիության բարելավմանը: Բելգիայում ձեռներեցությունն առավել ընդգրկուն դարձնելու համար ավելին կարող էր արվել, ներառյալ ընթացիկ նախաձեռնութունների վերաբերյալ տեղեկացվածության բարձրացումը և տարածաշրջանների միջև լավ պրակտիկայի փոխանակման խթանումը: Ավելին կարող է արվել նաև տարեց ձեռներեցներին աջակցելու համար, ովքեր երկրում աճող քաղաքական հետաքրքրության խումբ են:
Բելգիան երեք շրջաններից (Ֆլանդրիա, Բրյուսել, Վալոնիա) և պաշտոնական լեզուների վրա հիմնված երեք համայնքներից (ֆլամանդական, ֆրանսիական և գերմանախոս համայնքներ) բաղկացած պետություն է: Շրջանների և համայնքների տարածքները ճշգրտորեն չեն համընկնում: Որոշ իրավասություններ իրականացվում են ազգային մակարդակով՝ Դաշնային մարմնի կողմից, մինչդեռ մյուսները՝ ենթաազգային, սովորաբար՝ շրջանների կողմից: Կառավարության յուրաքանչյուր մակարդակ քաղաքականությունների և ռազմավարությունների մշակման գործում իր դերն ունի (Բելգիայի Դաշնային Կառավարություն):
Բիզնեսի ստեղծման ու ինքնազբաղվածության խթանումը շարունակում է Բելգիայի ԵՄ 2020 թիրախների շրջանակում մնալ որպես գլխավոր նպատակ: Ընդհանուր առմամբ, առաջընթաց է արձանագրվել այնպիսի նախաձեռնությունների ընդունմամբ, որոնք նպաստում են դպրոցների և համալսարանների մակարդակով ձեռնարկատիրական վերապատրաստմանը ու առաջխաղացմանը, բիզնեսի ստեղծման հետ կապված կարմիր ժապավենի կտրմանը՝ բյուրոկրատական քաշքշուկների ավարտին, նոր բիզնեսում ներդրումներ կատարելու համար հարկային խթանների և սկսնակների համար բացառությունների ապահովմանը, ինչպես նաև բիզնեսի ստեղծման համար ֆինանսական նոր լուծումների խրախուսմանը, ներառյալ գործընկերների վարկավորումը և համաժողովրդական ֆինանսավորումը՝ քրաուդֆանդինգը:
Մեկ այլ ուշագրավ զարգացում է 2018թ. վերջին ընկերությունների և ասոցիացիաների համար հաստատված նոր բանաձևը, որն ուժի մեջ կմտնի 2019-20թվականներին (Geens, 2018): Նոր բանաձևը ընդլայնում և միավորում է «ձեռնարկություն» հայեցակարգը և նվազեցնում է ընկերության տեսակների քանակը: Այն նաև վերացնում է ամենատարածված բիզնեսի իրավական ձևի նկատմամբ կապիտալի պահանջը, ընկերություն հիմնելու համար պահանջվող անձանց քանակը իջեցնում է երկուսից մեկի և տրամադրում է միջսահմանային գործունեության վերաբերյալ հստակ ուղեցույցներ:
«Ազգային բարեփոխումների ծրագիր 2016»-ը (NRP) քաղաքականության լայն շրջանակի միջոցով ուղղված է ձեռներեցությանը: Մի քանի ծրագրեր, ներառյալ Երիտասարդության երաշխիքների իրականացման պլանը, նաև խթանում և աջակցում են երիտասարդների և կանանց կողմից ինքնազբաղվածությանը և ձեռներեցությանը դաշնային մակարդակում (EC, n.d.): Տարածաշրջանային մակարդակում Վալոնիան և Բրյուսելը կենտրոնացնում են ձեռներեցության աջակցության իրենց նախաձեռնությունները երիտասարդների, գործազուրկների և տարեց աշխատողների վրա (55 տարեկանից բարձր): Ֆլանդրիան իր ձեռներեցության աջակցության մեծ մասն ուղղում է երիտասարդներին և 55 տարեկանից բարձր աշխատողներին:
Ընդհանուր առմամբ, ներառական ձեռներեցության քաղաքականության վերաբերյալ տեղեկացվածությունը մեծանում է, և քաղաքականություն մշակողները ուժեղացնում են նպատակային և հարմարեցված աջակցությունը` մի քանի թիրախային խմբերի հատուկ կարիքները բավարարելու համար: Համաձայն 2018 թվականի եվրոպական երկրի կիսամյակային զեկույցի (EC, 2018), Բելգիայում ձեռնարկատիրության խթանման հարցում առաջընթաց է գրանցվել: Այնուամենայնիվ, զբաղվածության զգալի տարբերությունները բնակչության հատուկ խմբերի միջև շարունակում են հանգեցնել աշխատանքի թերօգտագործմանը, հատկապես՝ ցածր որակավորում ունեցող երիտասարդների, տարեցների և փախստական ծագում ունեցող մարդկանց շրջանում (EC, 2016a):
Չնայած այս աճող ուշադրությանը, ձեռներեցության քաղաքականության և ծրագրերի ներուժը սոցիալական ներառման նպատակներին հասնելու գործում օգտագործմանը, զգալի բացեր մնում են: Օրինակ՝ ներգաղթյալների շրջանում ձեռներեցությունը խրախուսելու համար հատուկ նպատակներ դեռևս սահմանված չեն, և ընդհանուր քաղաքականության միջոցով գործողություններ են ձեռնարկվում, ինչպիսիք են լեզուների ուսուցումը, դիպլոմների ճանաչումը և ինտեգրման ծրագրերը: Բելգիայի՝ ներգաղթյալ ծագում ունեցող մարդկանց համար աշխատանքի տեղավորման արդյունքները, նույնիսկ հարմարվելով այլ անհատական հատկանիշներին, ԵՄ-ում ամենացածրերից է:
Վերջին տասնամյակում ինքնազբաղ աշխատողների մասնաբաժինը ԵՄ միջինից փոքր-ինչ ցածր էր: Բելգիայում 2017թ. ակտիվ բնակչության 13.1% -ը ինքնազբաղ էր, որը փոքր-ինչ պակաս էր այդ տարվա ԵՄ միջինից (13.9%): Ամենաբարձր ցուցանիշները հայտնաբերվել են տղամարդկանց (16.3%) և տարեցների շրջանում (16.0%), մինչդեռ դրանք ցածր էին կանանց (9.3%) և երիտասարդության (5%) շրջանում (Գծապատկեր 2ա): Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ ինքնազբաղ կանանց թիվը 2015-2016 թվականների ընթացքում աճել է 5,5%-ով: Սա աճի շատ ավելի բարձր ցուցանիշ էր, քան տղամարդ ձեռներեցներինը, որը նույն տարում աճել էր 1,7%-ով (INASTI, 2016):
Բելգիայի քաղաքներում ոչ ԵՄ քաղաքացիները (մասնավորապես՝ Բրյուսելում, որտեղ նրանք կազմում են բնակչության 20% -ը) գրանցել են ինքնազբաղվածության 2-3% ցուցանիշ: Այս ցածր ցուցանիշների լուծման համար Բրյուսելի տարածաշրջանը և Ֆլանդրիայի որոշ համայնքներ երկխոսություն են սկսել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ ներգաղթյալ ձեռներեցների ներգրավվածության բարելավման նպատակով: Նախաձեռնությունը իրականացվելու է «Բիզնեսը բազմազանության մեջ» կարգախոսի ներքո և ուղեկցվելու է գործողությունների ծրագրով: Նպատակն է ձգտում ունեցող փախստական ձեռնարկատերերի համար ապահովել ավելի հարմարեցված դասընթացներ՝ նրանց աջակցելով բիզնեսի կենսացիկլի ամբողջ ընթացքում:
2016թ. ստեղծված նոր բիզնեսների թիվը 5,9%-ով ավելի բարձր էր, քան նախորդ տարի ստեղծվածներինը, ինչը տարեկան աճի կտրվածքով երկրորդ ամենաբարձր ցուցանիշն էր 2010 թվականից ի վեր (GraydonBE, 2018): Այնուամենայնիվ, Բելգիայում 2013-17թթ. սկսնակ ձեռնարկատիրական գործունեության ընդհանուր մակարդակը (TEA) ցույց է տալիս, որ Բելգիայում մեծահասակները փոքր-ինչ պակաս հավանական է, որ ակտիվ կլինեն նոր բիզնես (42 ամսից պակաս) սկսելու և վարելու գործում, քան ԵՄ միջին ցուցանիշն է (5.7% ընդդեմ 6.7%), (Գծապատկեր 2բ): Այս արդյունքը պահպանվում է բնակչության դիտարկված բոլոր խմբերում (այսինքն ՝ տղամարդիկ, կանայք, երիտասարդներ և տարեցներ): Տարեցները, կանանցից հետո, ամենաքիչ հավանականն է, որ կզբաղվեն վաղ փուլում գտնվող ձեռնարկատիրական գործունեությամբ (3,3% ընդդեմ 4%), մինչդեռ երիտասարդության շրջանում հավանականությունը փոքր-ինչ բարձր է(6%):
2013-17թթ. բելգիացի ձեռներեցները ԵՄ միջինի համեմատ ավելի հավանական է, որ կձեռնարկեին իրենց բիզնեսը՝ զբաղվածության հնարավորությունների բացակայության պատճառով (28.2% ընդդեմ 20.3%) (Գծապատկեր 2գ): 2013-17 ժամանակահատվածում երիտասարդները և կին ձեռներեցները շատ ավելի հավանական է, որ կսկսեին իրենց բիզնեսը ՝ զբաղվածության հնարավորությունների բացակայության պատճառով, քան այլ սոցիալական թիրախային խմբերը (36,8% և 33.8%), ինչը վեր է ազգային միջինից և զգալիորեն բարձր այդ խմբերի՝ ԵՄ համապատասխան միջին ցուցանիշներից: Սա համահունչ է այդ խմբերի շրջանում գործազրկության համեմատաբար բարձր մակարդակի հետ: Բելգիայում անհրաժեշտությունից դրդված ձեռներեցությամբ զբաղվելու մակարդակը բոլոր խմբերում, բացի մեկից, ավելի բարձր է, քան ԵՄ-ում. տարեց ձեռնարկատերերի միայն 21.6%-ն է «անհրաժեշտությունից» դրդված սկսել, ինչը այդ ժամանակահատվածում ԵՄ միջինից փոքր-ինչ ցածր էր:
Բիզնեսի ստեղծման վերաբերյալ ազգային և տարածաշրջանային պարբերական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ֆինանսական հասանելիությունը դեռևս խոչընդոտ է հանդիսանում Բելգիայում ձեռներեցության և ՓՄՁ զարգացման համար: Վերջին տարիներին որոշ ջանքեր են գործադրվել դրամաշնորհների, վարկերի, վարկային երաշխավորությունների, միկրովարկերի և քրաուդֆանդինգի միջոցով բիզնես ստարտ-ափները և ընդլայնումը հեշտացնելու համար: Թեև ֆինանսական այս գործիքների մեծ մասը հստակորեն ուղղված չեն հասարակության թերի ներկայացված և անբարենպաստ պայմաններում գտնվող խմբերի մարդկանց, որոշ նպատակաուղղված միջոցառումներ ձեռնարկվել են:
Մարզային կառավարությունները և զբաղվածության գրասենյակները դրամաշնորհներ են տրամադրում լիազոր հավատարմագրված գործընկերներին գործազուրկների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար, հատուկ ուսուցողական ծրագրերի հետ միասին, աջակցության ֆինանսավորում ապահովելու նպատակով: Այս ծրագրերը, որոնք ֆինանսավորվում են ԵՄ կառուցվածքային ֆոնդերից և դաշնային բյուջեներից, համամասնորեն ընդգրկում են բոլոր թիրախային խմբերը: Իրականացումը տեղի է ունենում տարածաշրջանային մակարդակում: Օրինակ՝ Վալոնիայում «Օդային պայուսակ» դրամաշնորհն տրամադրվում է այն աշխատանք փնտրողներին, ովքեր ցանկանում են ձեռներեց դառնալ կամ հանձն առնել արդեն իսկ առկա բիզնեսը: Ավելի քան երկու տարի դրամաշնորհը վճարվում է չորս մասնաբաժնով և ինքնազբաղվածության անցնելու ժամանակահատվածում նրանց աջակցելու նպատակ ունի`մեղմելով բիզնեսի վաղ փուլերում անբավարար եկամտի առաջացման ռիսկը: Ձեռներեցության մեջ առաջին քայլեր անող ձեռներեցների համար դրամաշնորհները պայմանական են. հետևել դասընթացներին կամ աջակցություն ստանալ ինքնազբաղվածության օժանդակության լիազորված կազմակերպությունից (Structure d’Accompagnement à l’AutoCréation d’Emploi, SAACE): Դրամաշնորհները հասանելի դարձան 2017 թվականին:
Բրյուսելում հետաքրքիր մոտեցում է ձևավորվում քաղաքային տնտեսական անհամամասնությունների հիման վրա դրամաշնորհների նկատմամբ: Բրյուսելը ֆինանսական աջակցություն է տրամադրում տարածաշրջանում բիզնես ստեղծողների և գործող ձեռնարկությունների կողմից իրականացվող ներդրումներին: Աջակցությունը զգալիորեն ավելի նկատելի է «Զարգացող գոտիներում» հիմնված բիզնեսների համար, որոնք, որպես կանոն, ավելի թույլ տնտեսական հեռանկարներ ունեցող տարածքներ են՝ ԵՄ-ում օտարերկրյա քաղաքացիների և փախստական ծագում ունեցող մարդկանց թվաքանակի բարձր մակարդակով: Օրինակ՝ «Զարգացող գոտում» գտնվող միկրոձեռնարկությունը իրավասու է ստանալ թույլատրելի ներդրումների 15%-ի չափով սուբսիդավում, մինչդեռ մեկ այլ վայրում գտնվող նույն ընկերությունը կստանա 5% սուբսիդավորում:
Ներառական ձեռներեցության խմբերի ֆինանսական աջակցության մեկ այլ կարևոր գործիք է միկրովարկը: Միկրովարկային կառույցները հաճախ գործում են բանկերի և տարածքաշրջանային երաշխավորության ֆոնդերի հետ համատեղ և հասանելի են երեք տարածաշրջաններում: Գոյություն ունեցող միկրովարկային հաստատություններից դեռևս ոչ մեկը թիրախային խմբերից որևէ մեկի համար չի ստեղծել հատուկ ծրագրեր: Այնուամենայնիվ, այս ոլորտի գլխավոր հաստատություններից մեկը ՝ MicroStart-ը, որը գործում է ամբողջ երկրում, ունի հիմնական հաճախորդներ փախստական ծագում ունեցող մարդկանց և գործազուրկների խմբերից: Թեև այն չունի այդ թիրախային խմբերին հատուկ ուղղված հեռարձակման ծրագրեր՝ այն տեղեկատվություն է տրամադրում ոչ բելգիական լեզուներով:
Ձեռնարկատիրության վերապատրաստումներն ու անհատական աջակցության (այսինքն՝ մարզչական, մենթորական և գործարար խորհրդատվություն) ծրագրերն ընդհանուր առմամբ իրականացվում են տարածաշրջանի կամ լեզվական համայնքի մակարդակով, իսկ որոշ դեպքերում՝ իրականացվում են պետական ֆինանսավորում ստացող լիազոր հասարակական կազմակերպությունների կողմից: Հետևաբար, իրականացվում է տեղական նախաձեռնությունների մի լայն շրջանակ: Ընդհանուր առմամբ, այս ծրագրերը բաց են բոլորի համար: Օրինակ, Ֆլամանդական տարածաշրջանում Նորարարությունների և ձեռնարկատիրության գործակալությունը (VLAIO) բոլոր փուլերում և ընկերության կենսացիկլի ընթացքում ձեռնարկատերերին առաջարկում է անհատական դասընթացներ, ինչպես նաև՝ ինքնագնահատման գործիք: Syntra ուսումնական ցանցը, որը հինգ հասարակական ուսումնական կենտրոնների հանրային աջակցություն ունեցող ցանց է, գործունեության 28 տարբեր ոլորտներում առաջարկում է նաև ուսուցման շուրջ 200 դասընթաց սկսնակների և 500 դասընթաց ձեռներեցների համար: Բրյուսելի մայրաքաղաքային շրջանում Passeport pour la Réussite (Հաջողության անձնագիր) սխեման առաջարկում է մարդկային ռեսուրսների կառավարման, բիզնես մենեջմենթի, մարքեթինգի, իրավունքի, ռազմավարության վերաբերյալ դասընթացներ:
Այնուամենայնիվ, կան որոշ նախաձեռնություններ, որոնք իրականացվել են երիտասարդության, կանանց և գործազուրկների համար: Կանանց ձեռներեցության վերապատրաստումներն ու մարզչական դասընթացները առաջխաղացվում են տարածաշրջանային նախաձեռնություններով, ինչպիսիք են Բրյուսելյան հարթակի կանայք բիզնեսում (WIB) կամ the Réseau Diane-ը Վալոնյան շրջանում: WIB նախաձեռնությունը հարթակ է, որը միավորում է կանանց ձեռներեցությանը վերաբերող բոլոր նախաձեռնությունները: Նախաձեռնությունները ներառում են տեղեկացվածության բարձրացում, բիզնեսի աջակցման ծառայություններ, վերապատրաստումներ և ցանցային կապեր: WIB-ը աշխատում է ավելի քան 20 գործընկերների հետ, ներառյալ հասարակական կազմակերպություններ, ինչպիսին է CREDAL-ը, որն ուսուցում է առաջարկում ֆրանկոֆոն տարածաշրջանի կանանց համար (CREDAL, n.d.): WIB-ը նաև ակտիվ գործունեություն է ծավալում քաղաքականության մշակման գործում՝ ներդրումների և առաջարկությունների տեսքով: Նախաձեռնություններ կան նաև Ֆլամանդական տարածաշրջանում: Ձեռնարկատիրությունը առաջխաղացվում է դպրոցներում և համալսարաններում, ընդ որում՝ դպրոցներին ձեռնարկատիրության մոդուլներ են առաջարկվում կամ ներառվում են ուսումնական ծրագրերում: Օրինակները ներառում են Ֆլանդրիայի դպրոցներում VLAJO mini-ondernemingen-ը, ինչպես նաև Cap’Ten ծրագիրը (10 տարեկանից բարձր երեխաների շրջանում ձեռնարկատիրական մտածելակերպը խթանելու համար) և «Խթանե՛ք ձեր տաղանդը» նախաձեռնությունը (ուղղված է ավելի բարձր տարիքի ուսանողներին) Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանում (Step2y, nd, Boost Your Talent, nd): Երիտասարդական ձեռներեցությունը խրախուսվում է նաև դպրոցներից դուրս: Բրյուսելում «Վաղվա երիտասարդ ձեռներեցները» (YET) ռազմավարությունը նպատակ ունի ձգտում ունեցող երիտասարդ ձեռներեցների և աջակից գործընկերների կամ ցանցերի միջև խթանել կապերը: YET ռազմավարությունը գործարկվել է 2016 թվականին` Բրյուսելի SBA-ի երիտասարդական ձեռներեցության նպատակներին հասնելու համար: YET հարթակը ստեղծվել է երիտասարդության շրջանում ձեռներեցությանը, ձեռնարկատիրական կրթությանը և ձեռնարկատիրական մտածողությանը աջակցելուն ուղղված նախաձեռնությունները և կազմակերպությունները համախմբելու համար (YET Brussels, n.d.):Այն ցուցակագրում է ընթացիկ նախագծերը (2018թ. 50 կազմակերպությունից մոտ 80 նախագիծ) և ըստ տարեկան ծրագրային պահանջի սուբսիդավորում է լայնամասշտաբ նախաձեռնությունները (յոթ նախագիծ ֆինանսավորվել է 201-18 ուսումնական տարում, իսկ ինը՝ նախատեսված էր 2018-19թթ.): Վալոնիայի տարածաշրջանում «Ձեռնարկատիրական սերունդներ 2015-2020» ծրագիրը կրթության ոլորտում ձեռնարկատիրության խթանման համար նախատեսում է գործողությունների համընդհանուր փաթեթ: